Еuro Solution և Scandinavian Care կազմակերպությունները հետաքրքրված են Հայաստանում նոր ճառագայթային-ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու գաղափարով
                        ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Շինարարական զարգացման ռազմավարական գործընկերության խորհրդի նախագահ  (Construction Development Strategic Partnership Board Chairman)  Վալդիս Բիրկավսի գլխավորած պատվիրակությանը:
Բիրկավսը  հանդես եկավ առաջարկներով: Մասնավորապես նա հայտնեց, որ իրենք երկու գործընկեր (Еuro Solution, Scandinavian Care)  կազմակերպությունների հետ հետաքրքրված են Հայաստանում նոր ճառագայթային-ուռուցքաբանական  կենտրոն ստեղծելու գաղափարով:
«Մեր թիմն ունի ավելի քան հիսուն երկրներում  հիվանդանոցային շինարարության և լայնածավալ մենեջմենթ իրականացնելու փորձ»,- ասաց Բիրկավսը:
Նա նշեց, որ իրենք պատրաստակամ են քննարկել մեր երկրում ներդրումային ծրագիր իրականացնելու բոլոր հնարավորությունները:
Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնելով առաջարկի համար նշեց, որ Հայաստանը բաց է առողջապահական համակարգում այլ երկրների հետ ներդրումային ծրագրերի իրականացման համար:
«Կարող եմ մատնանշել մարզային հիվանդանոցաշինության ոլորտում առողջապահության  նախարարության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունավետ օրինակը»,- նկատեց նախարարը` հավելելով, որ հենց այդ համագործակցության արդյունքում Հայաստանի անգամ հեռավոր մարզերի հիվանդանոցային համալիրներն իրենց նյութատեխնիկական հագեցվածությամբ Երևանի ժամանակակից բժշկական կենտրոններին չեն զիջում:
Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր նոր հիվանդանոցային համալիր կառուցելիս պետք է  առաջին հերթին դիտարկել դրա նպատակահարմար տեղակայումը:
«Պետք է հաշվի առնել, թե որքանով է նպատակահարմար  կառուցել նոր բժշկական կենտրոն այս կամ այն վայրում, հաշվի առնելով դրա հեռավորույթունը  այլ բժշկական կենտրոններից»,- պարզաբանեց Արմեն Մուրադյանը:  
Կողմերը ձեռք բերեցին պայմանավորվածություն  համագործակցության բոլոր հնարավորություններն ու հեռանկարներն առաջիկայում առավել մանրամասն քննարկելու համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

