211652_close_icon
views-count835 դիտում article-date 15:39 13-06-2014

Արտգործնախարարը ելույթ ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներին

Հունիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանական լսումներին, որոնք տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Ելույթ ունենալով լսումներին ներկա պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների առջև` նախարար Նալբանդյանը ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով սփյուռքի նախարարության և հայ համայնքային կառույցների հետ համակարգված գործունեության կարևորությունը։ «Դիվանագիտական ներկայացուցչություններից ստացված առաջարկությունների հիման վրա և նկատի առնելով հավատարմագրման յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները՝ կազմվել է 2014-15 թթ. միջոցառումների ծրագիր: Միջոցառումները նախատեսվում է իրականացնել տասնյակ պետություններում» - ասաց Էդվարդ Նալբանդյանը։ Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման միջազգային հանրության ջանքերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ջանում է միանալ այդ ուղղությամբ գործադրվող այլ երկրների, միջազգային կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմների մշակմանը։ Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց լսումների մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր