211652_close_icon
views-count1244 դիտում article-date 11:43 11-06-2014

Երևանի համատիրությունների նախագահները կառավարման փորձի փոխանակում իրականացրին ֆրանսիացի գործընկերների հետ

Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև դեռևս 2011 թվականին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում «Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման» (G2iA) հետ համատեղ կազմակերպվել է «Համատիրությունների կառավարման փորձի փոխանակում» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Կլոր սեղանին մասնակցել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների բաժնի մասնագետներն ու համատիրությունների նախագահները։ Սեմինարը վարել են համատիրությունների կառավարման բնագավառում տարիների փորձ ունեցող, Ֆրանսիայի «Պատմություն և հարստություն» գործակալության համատիրությունների բաժնի ղեկավար Հակոբ Կիրենը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը: Քննարկման մասնակիցները, ներկայացնելով ներկայում կիրառվող փորձը, բանախոսին ուղղել են իրենց հուզող հարցերը՝ կապված համատիրությունների հիմնախնդիրների, այդ թվում համատիրությունների աշխատանքի կազմակերպման, միջոցների առավել արդյունավետ օգտագործման և իրավական դաշտի կարգավորման հետ: Խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով նախատեսվում են այցելություններ համատիրություններ և հանդիպումներ բնակիչների ու կառավարիչների հետ։ Մասնակիցները նշել են, որ կլոր սեղանի ընթացքում ներկայացված նոր մոտեցումներն ու լուծումները կփորձեն կիրառել գործնականում՝ դրանով նպաստելով համատիրությունների առավել արդյունավետ գործունեությանը: «Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում» կազմակերպության հայաստանյան նախագծերի պատասխանատու Արմեն Վալյանը, կարևորելով համագործակցության ընդլայնումն ու նմանօրինակ ծրագրերի կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին համագործակցության պատրաստակամության և համակողմանի աջակցության համար: Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ նման հանդիպումն է: Ապիլին Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության շրջանակում «Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման» և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ կազմակերպվել էր սեմինար՝ «Մի նախագծի ձեռնարկում և նախնական պլանավորում» թեմայով:

Նմանատիպ նյութեր