Գործադիրը հավանություն է տվել բժշկի մշտական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման առաջարկին
ՀՀ կառավարությունը քննարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը: Նրանք առաջարկում են Հայաստանում ներդնել բժշկի մշտական մասնագիտական զարգացման համակարգ, որն հաջողությամբ իրականացվում է մի շարք երկրներում: Օրինագծերի փաթեթի վերաբերյալ գործադիրն սկզբունքային առարկություն չի ներկայացրել և պատրաստվում է համագործակցել հեղինակների հետ՝ փաստաթղթերի հնարավոր լրամշակման հարցում:
Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, կառավարությունը թերի է համարել նախագիծը, որը «համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ»:
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: