211652_close_icon
views-count1121 դիտում article-date 13:34 04-06-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերին

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի նեղ կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետև մեր երկրում հյուրընկալվում է բարեկամ և վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը ու միաժամանակ նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը: «Մենք մեծ հաճույքով և պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, և սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին և լսելու նրանց կարծիքները: Բարով եք եկել Հայաստան»,- Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է գտնվել Հայաստանում տարածաշրջանի երկու նախորդ երկրներ այցելությունից հետո: «Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, և դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու և երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն: Շատ շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու դրոշ, և դա հիշեցնում է մեզ, որ մենք ունենք երկու պատասխանատվություն այստեղ, և դա հիշեցնում է մեզ այն աշխատանքի մասին, որ կատարում ենք»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Դիդիե Բուրկհալտերը: Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձևաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր