211652_close_icon
views-count8459 դիտում article-date 22:14 03-06-2014

Տեղեկությունները, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում ու կան մեծ թվով արգելափակված ավտոմեքենաներ, չեն համապատասխանում իրականությանը

Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 19-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Դսեղ գյուղի վարչական տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտ է հանդիսանում երթևեկությանը և վարորդները չեն կարողանում ազատ տեղաշարժվեն իրենց տրանսպորտային միջոցներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Վանաձորի և Ալավերդու ճանշինականները, ովքեր ամեն անհնարինն անում են ճանապարհը մաքրելու ուղղությամբ, իսկ Դսեղի ճանշինականները ասես Մեծ Լոռեցու՝ Թումանյանի հերոսի, Լոռեցի Սաքոյի օրն ընկած լինեն` քարայրում փակվել և չեն բարեհաճում գալ և օգնության ձեռք մեկնել իրենց գործընկերներին: Ըստ նախնական տեղեկությունների, սողանքի և քարաթափման պատճառը եղել է տեղացած հորդառատ անձրևի, ինչի հետևանքով ճանապարհի որոշ հատված ծածկվել է ջրաբերուկներով: Տեղեկությունները, որ նշված հատվածում ,տեղի է ունեցել փլուզում, ինչ պատճառով էլ մեքենաներ են արգելափակվել, իրականությանը չի համապատասխանում, պարզապես ոստիկանությունը նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել է հենց վարորդների շահերից ելնելով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, իրավիճակի մասին տեղեկացվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով հանձնարարել է Արտակարգ իրավիճակների և Կապի ու տրանսպորտի նախարարներ Արմեն Երիցյանին ու Գագիկ Բեգլարյանին որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն ճանապարհը անցանելի դարձնելու համար, այս պահին նշված հատվածում անվտանգ կանգնած են 120-ից ավելի տրանսպորտային միջոցներ: Իսկ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանին, որպեսզի տեղում ՃՈ աշխատակիցները անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին, փրկարարներին:

Նմանատիպ նյութեր