Հակոբ Պալյանը պարգևատրվել է սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով
Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համազգային հայ կրթական մշակութային միության «Բագին» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, ազգային գործիչ Հակոբ Պալյանին:
Հակոբ Պալյանը ծնվել է Լիբանանում, այժմ իր գործունեությունը ծավալում է Ֆրանսիայում: Նա Մարսելում հիմնադրել է Համազգային ամենօրյա հայկական վարժարան, որտեղ հայեցի կրթություն են ստանում բազմաթիվ հայ աշակերտներ: Հակոբ Պալյանը տասներեք վեպի հեղինակ է:
Հանդիպման ընթացքում քննարկվեց արևմտահայերենի պահպանման,տարածման և սերունդներին փոխանցելու, ոսկեղենիկ մայրենիի անաղարտ պահպանությանը վերաբերող հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը մտահոգություն հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արևմտահայերենը դասվել է վտանգված լեզուների շարքին: Նա նշեց լեզվի կորուստը՝ որպես ազգի գոյությանը սպառնացող լուրջ մարտահրավեր: Կարևորվեց սփյուռքում մայրենի լեզվի ուսուցման ազդեցությունը դեռահասների լեզվամտածողության ձևավորման վրա:
Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց արևմտահայերենի դասավանդման անհրաժեշտությունը Հայաստանի այն դպրոցներում, որտեղ սովորում են սիրիահայ երեխաներ:
Նախարարը ներկայացրեց լեզվի պահպանմանն ուղղված ՀՀ սփյուռքի նախարարության ուսուցիչների վերապատրաստման, լեզվի արագացված դասընթացների ծրագրերը, ինչպես նաև նախարարության պատվերով հրատարակված արևմտահայերեն այբբենարանների և ընթերցարանների փորձնական նմուշները:
Հանդիպման ավարտին նախարար Հ.Հակոբյանը մայրենի լեզվի պահպանման ու զարգացման գործում նվիրաբերած ջանքերի, հայապահպանության ոլորտում ունեցած ներդրման համար Հակոբ Պալյանին պարգևատրեց սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:
Հակոբ Պալյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարությանը իր գործունեությունը բարձր գնահատելու համար և նշեց, որ առաջիկայում ևս կշարունակի ակտիվ համագործակցությունը նախարարության հետ: