Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Սերժ Սարգսյանին հրավեր ուղարկվել է․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մայիսի 29-ին սպասվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Սերժ Սարգսյանին նիստի կազմակերպիչների կողմից հրավեր ուղարկվել է, սակայն տեղեկություն չկա, թե վերջինս կմասնակցի՞ այդ նիստին, թե ոչ:
Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին, ով նիստին մասնակցելու է որպես փորձագետ: Վերջինս հայտնել է, որ նիստի կազմակերպչական հարցերի վերաբերյալ այդքան էլ տեղեկացված չէ: «Գիտեմ, որ հրավեր եղել է, սակայն թե ովքեր և ինչ ձևաչափով կմասնակցեն՝ չգիտեմ»,- ասել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե ներկա լինելո՞ւ է այդ նիստին Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանի հետ երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ, ինչպես տեղեկացրեցին նախարարության լրատվական բաժնից, նա մեկնել է Աստանա մասնակցելու ԵՏՄ-ի նիստին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։