«Հայկական եկեղեցին Նովի Սադում. ջնջված ժառանգություն» խորագրով ցուցահանդես Նովի Սադում
Մայիսի 15-ի Սերբիայի Նովի Սադ քաղաքի թանգարանի Արտասահմանյան արվեստի հավաքածուի շրջանակներում բացվեց «Հայկական եկեղեցին Նովի Սադում. ջնջված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը հանդիսավորությամբ բացեց և ելույթով հանդես եկավ Սերբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը:
Թանգարանի խորհրդատու և արվեստաբան Լիլիանա Լազիչի նախաձեռնությամբ անցկացվող ցուցահանդեսը և նրա հեղինակած գիրքը նվիրված են 1746թ. Նովի Սադի հայերի կողմից հիմնադրված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատմությանը, որը 1963թ. քանդվել է մարշալ Տիտոյի անվան պուրակի շինարարության համար:
Ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն ընձեռվեց եկեղեցական միջավայրին բնորոշ տարբեր պարագաների, գրքերի, կտավների, հագուստների միջոցով ծանոթանալ Նովի Սադի հայ համայնքի պատմությանը, հասկանալ նրա ծագման, ավանդույթների և կրոնական պատկանելության ուրույն առանձնահատկությունները: Ցուցադրության երկրորդ հատվածում ներկայացված էին նաև ժամանակակից նկարիչների աշխատանքներ, որոնք, ոգեշնչվելով Նովի Սադի հայկական եկեղեցու ինքնատիպությամբ, այն պատկերել են իրենց կտավներում:
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 31-ը: