211652_close_icon
views-count7617 դիտում article-date 17:52 19-05-2014

«Հարսնաքարի» գործով դատապարտված Գարիկ Մարգարյանի մորն այսօր հրավիրել են ոստիկանություն

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մորը` Նունե Մարգարյանին, այսօր` մայիսի 19-ին, հրավիրել են ոստիկանության Նոր Նորքի վարչական շրջանի քննչական բաժին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարիկ Մարգարյանի մայրը` Նունե Մարգարյանը: «Ասացին, որ իմ դեմ քրեական գործ է հարուցվել: Ես էլ ասացի, որ դուք լինեիք իմ փոխարեն, ի՞նչ կանեիք: Ո՞ր մոր սիրը կարող էր նման անարդար դատավճիռ տանել: Տղայիս անմեղ տեղը նստեցրին, հիմա էլ իմ հետեւից են ընկել: Կամ պետք է կալանավորեն կամ տուգանեն: Բայց ես ի՞նչ կարող եմ վճարել: Վարձով եմ մնում ու հիմա տան վարձն էլ չեմ կարողանում վճարել, քանի որ ես եւ տղաս էինք ապրում: Տղայիս դատապարտելուց հետո իմ վիճակը օր-օրի է վատանում»,- ասաց Նունե Մարգարյանը եւ ավելացրեց, որ ոչ մի դիմում ոստիկանությունում չի ստորագրել եւ հանրային պաշտպան է պահանջել: Ի դեպ, մյուս ամբաստանյալների հարազատները՝ ի պաշտպանություն Նունե Մարգարյանի, նրա հետ գնացել են քննչական բաժնի մոտ: Մինչեւ այդ հայտնել էինք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը): Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված` դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալները: Հիշեցնենք, որ երբ դատարանը 6 ամբաստանյալներին դատապարտեց 12 տարվա ազատազրկման, նրանց հարազատները փորձեցին հարձակվել դատավորի եւ լրագրողների վրա եւ իրարանցում սարքեցին դատարանում:

Նմանատիպ նյութեր