211652_close_icon
views-count1720 դիտում article-date 10:19 17-05-2014

«Հավատամք» հոգևոր կենտրոնը հյուրընկալվեց Ծաղկաձորի մարզահամալիրում

Այսօր մայրաքաղաք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը հյուրընկալվեց Ծաղկաձորի մարզահամալիրում: Մասնակիցներին առաջնորդում է կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Ուխտագնացությանը մասնակցում են կենտրոնի բոլոր կառույցները` իրենց պատասխանատուներով. գրասենյակի պատասխանատու Սվետլանա Զատիկյան, քարոզչական` Օվսաննա Մադաթյան, համացանցային ` Հայկ Կիսեբլյան, Հեղինե Մարգարյան, Վահե Կարապետյան, մշակութային ` Նարինե (երեցկին) Դարբինյան, «Հավատամք» երգչախումբ, խմբավար` Րաֆֆի Միքայելյան, «Հավատամք» պարախումբ, պարուսույց` Աշոտ Ազատյան, սոցիալական ` Քնարիկ Սարգսյան: Ուխտագնացությանը մասնակցում են նաև նոր ընդգրկված անդամները: Առաջին օրը տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում գնահատվեց կենտրոնի գործունեությունը: Հանդիպման սկզբում Տեր Հակոբը ներկայացրեց կենտրոնի կողմից կատարված գործունեությունը, ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը: Տեր Հայրը ներկաներին իր ուրախությունը փոխանցելով` ասաց. «Ձեր ներկայությունը կեցվածք է, վերաբերմունք Աստծո և եկեղեցու նկատմամբ: «Հավատամք» հոգևոր կենտրոնը ընտանիք է, որտեղ աղոթքս է` շաղախը լինի Աստվածսիրությունը, եկեղեցասիրությունը, մարդասիրությունը և նմանօրինակ կարևոր որակներ: Թող հոգևոր և մարդկային դիմագիծը հստակ ուրվագծվի ձեր կյանքում: Ուր էլ լինեք, մաղթանքս է, որ այս օրերն աղոթք դառնան ձեր կյանքի ճանապարհին, այն խաղաղ, երջանիկ և արդյունավետ դարձնելու համար: Թող Աստված ամուր և հաստատուն պահի ամենքիդ այդ գիտակցության մեջ: Ձեր հոգևոր հովիվն ու եղբայրն եմ ձեր ուրախ և դժվար օրերին: Ծառայենք ու շենացնենք մեր Սուրբ եկեղեցին, զորանանք և առավել հաստատուն մնանք մեր սուրբ հավատի մեջ»: Հանդիպման ընթացքում ներկաներն իրենց մտորումները կիսեցին և պատրաստակամություն հայտնեցին մասնակցել եկեղեցու առաքելությանը. զորացնելով «Հավատամք» հոգևոր կենտրոնը` զորացնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:Զորացնելով Մայր եկեղեցին` զորացնել Առաքելական մեր Սուրբ եկեղեցին: Երևան Սուրբ Խաչի տոնին մայիսի 18-ին, ժամը 11.00-ին «Հավատամք» կենտրոնը մասնակցելու է Կեչառիս վանական համալիրում մատուցվող Սուրբ Պատարագին: Պատարագի ավարտից հետո տոնի առթիվ կմեկնարկվի համերգային ծրագիր:

Նմանատիպ նյութեր