Ձեր դժվար և մարդասիրական աշխատանքի հիմքում ընկած է նվիրվածությունը. Հարություն Քուշկյան
Այսօր՝ մայիսի 12-ին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
Հարգելի բուժքույրեր
Սրտանց շնորհավորում և իմ երախտիքի խոսքն եմ հղում բոլոր բուժքույրերին մասնագիտական տոնի` Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ:
Բուժքրոջ մասնագիտությունը գնահատելը դժվար է, քանի որ ձեր փորձից, գիտելիքներից, հմտություններից կախված է ամենակարևորը` մարդու առողջությունը և կյանքը, իսկ հասարակության առողջությունը երկրի զարգացման և հզորացման գրավականն է:
Շնորհիվ բարձր արհեստավարժության, գործին նվիրված քաղաքացիական պատասխանատվության, բարձրանում է բուժքրոջ մասնագիտական հեղինակությունը: Ձեր դժվար և մարդասիրական աշխատանքի հիմքում ընկած է նվիրվածությունը, ինչպես նաև համբերատարությունը, հիվանդին օգնելու պատրաստակամությունը:
Ձեր առաքելությունը եզակի է, պահանջված է հասարակության կողմից և արժանի է ամենամեծ ճանաչման և գնահատման, քանի որ բացի բժշկական ծառայությունները մատուցելուց, դուք ցուցաբերում եք բարոյական և հոգևոր աջակցություն:
Փառք ու պատիվ Հայաստանի և Արցախի առողջապահության առաջամարտիկներին` մեր բուժքույրերին, որոնք բարձր արժանապատվությամբ են կատարում իրենց առաքելությունը, թե խաղաղ, թե պատերազմական պայմաններում:
Կրկին ցանկանում եմ ձեզ առողջություն, կամք և հավատ, մասնագիտական նոր ձեռքբերումներ: