211652_close_icon
views-count1096 դիտում article-date 13:23 09-05-2014

Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ մայիսյան հաղթանակների կապակցությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ Մեր ժողովրդին' Մայիսի 9-ի պանծալի հաղթանակների առիթով: Մայիսի 9-ը, որ մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով, մարդկանց և ազգերի խաղաղ ու ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի և Հայրենիքի պաշտպանության նվիրական խորհուրդն ունի մեզ համար: Աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակները Հայրենական մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում հերոսական մասնակցություն են ունեցել բռնության դեմ պայքարում և հաղթանակի ձեռքբերման գործում: Հայրենասեր ու քաջարի նույն ոգով հայորդիք ազատագրեցին Շուշին' մեծ հաղթությամբ պսակելով Արցախյան ազատամարտը: Լի ենք հավատով' Աստծու զորակցությամբ հաղթանակով պիտի պսակվի նաև արցախահայության ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը: Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, որ երկնային լուսեղեն հարկերում խաղաղություն շնորհի հանուն հայրենյաց նահատակված մեր ժողովրդի հերոս զավակների հոգիներին: Հայցում ենք, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհի ներքո զորանան խաղաղության ուղիներն աշխարհում: Թող Տերը խաղաղ ու շեն պահի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին' ի սփյուռս աշխարհի: Օրհնությամբ' Գարեգին Բ Կաթողիկոս ամենայն հայոց

Նմանատիպ նյութեր