211652_close_icon
views-count1259 դիտում article-date 10:02 08-05-2014

Ո՞ր մոդելն ենք ընտրելու. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Վերցնենք բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աղյուսակը այս տարվա ապրիլի դրությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով: Առաջին տասնյակում են Քաթարը, Լյոքսեմբուրգը, Սինգապուրը, Նորվեգիան, Բրունեյը, ԱՄՆ-ը, Հոնքոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան: Ինչպես տեսնում ենք, այստեղ կան թե եվրոպական և թե ասիական երկրներ, ինչպես նաև Միացյալ նահանգները և Ավստրալիան: Հայաստանը 187 երկներից 117-րդ տեղն է զբաղեցնում: Մենք դժգոհ ենք այդ վիճակից և ուզում ենք մեր բարեկեցությամբ նմանվել վերոհիշյալ երկրներին: Ասացեք խնդրեմ, ո՞ր պետություններն են մեզ ավելի հոգեհարազատ’ Բրունեյը’ իր սուլթանով, իսլամով, նավթով և գազով, թե այստեղ թվարկած եվրոպական երկրները: Ինձ համար միանշանակ է, որ քաղաքակրթական, մշակութային առումով Եվրոպան մեզ ավելի մոտ է: Մեզանում հաճախ Եվրոպան հակադրում են Ռուսաստանին: Այս պահի քաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ դա ճիշտ է: Բայց նայեք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի նույն աղյուսակը. Ռուսաստանի 58-րդ տեղում է՝ եվրոպական, այդ թվում նաև՝ Բալթյան երկրներից հետո: Ինչո՞ւ է բնական հսկայական պաշաներ ունեցող, աշխարհի ցամաքի մեկ վեցերորդը զբաղեցնող երկիրը հետ ընկել այդ ցուցանիշով Գաբոնից, Տրինիդադ և Տաբագոյից, ինչպես նաև շատերի համար անհայտ Պալաուից: Հավանաբար, այն պատճառով, որ Ռուսաստանի քաղաքական ռեժիմը չի նպաստում վերոհիշյալ պաշարների արդյունավետ օգտոգործմանը, ինչը և խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Իսկ սառը պատերազմը և սպառազինությունների մրցավազքը, որի մեջ այժմ մտել է այդ երկիրը, ստեղծելու է հավելյալ դժվարութուններ և ավարտվելու է ճիշտ այնպես, ինչպես ավարտվել է Խորհրդային միության համար 1970-80-ական թվականներին: Դրանից հետո Ռուսաստանում նոր «վերակառուցում» է սկսվելու, որը անցկացվելու է կիսատ-պռատ, իսկ դրան հետևելու է կրկին «ծնկներից վերկենալու» գործընթացը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր