211652_close_icon
views-count2632 դիտում article-date 19:35 27-11-2017

Եվրոպացիները բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի առաջարկած մոդելն ընդօրինակելի են համարում

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) բուհ-գործատու համագործակցության իր իսկ կողմից մշակված և փորձարկված մոդելը ներկայացրել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ֆորումին։ Նոյեմբերի 23-25-ին Ռիգայում տեղի է ունեցել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական 12-րդ ֆորումը, որի շրջանակներում բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչները տարբեր երկրներից քննարկել են որակի ապահովման ընթացիկ զարգացումները, առկա միտումներն ու մարտահրավերները, ներկայացրել են դրանց լուծման իրենց տեսլականը։ ՈԱԱԿ-ը աշխատաժողով է կազմակերպել՝ նվիրված բուհ-գործատու համագործակցությանը, որի շրջանակներում որպես լավագույն փորձ ներկայացրել է հայաստանյան մի շարք բուհերում փորձարկված մոդելը։ Բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մոդելը մեծ հետաքրքրություն է առաջացրել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ֆորումի մասնակիցների մոտ։ Բազմազգ մասնագիտական լսարանը հարցեր է ուղղել ՈԱԱԿ ներկայացուցիչներին, հետաքրքրվել արձանագրված արդյունքներով։ Նրանք վստահություն են հայտնել, որ առաջարկվող մոդելը կիրառելի կլինի նաև իրենց երկրների համար։ Նշենք, որ առաջարկվող մոդելը ենթադրում է միջնորդավորված շփում գործատուի և դասախոսի միջև, երբ ամբիոնի վարիչն է պարբերական հանդիպումներ ունենում գործատուների հետ, վեր հանում նրանց կարիքներն ու պահանջները և դրանք տեսանյութերի միջոցով հասանելի դարձնում դասախոսներին՝ հնարավորություն տալով ըստ այդմ վերանայել դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը, մասնագիտության կրթական ծրագրերը։ Առաջարկվող մոդելը ՏԵՄՊՈՒՍ-ի ARARAT ծրագրի շրջանակներում հաջողությամբ փորձարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանության և մանկավարժության, այնուհետև ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ նաև թարգմանչության ոլորտներում։

Նմանատիպ նյութեր