211652_close_icon
views-count26122 դիտում article-date 13:25 02-05-2014

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. գյուղացիների պատմելով՝ Ալվարի գյուղապետը դանակահարել է կնոջն ու հարսին, այնուհետ մեքենայով գլորվել է ձորը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղում ձորն է ընկել Infiniti մակնիշի 170 ՏԼ 47 համարանիշի ավտոմեքենան և վարորդին գրեթե 90 տոկոս այրվածքներով շտապօգնության բրիգադը տեղափոխել է Գյումրիի բժշկական կենտրոն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել է ոստիկանության Ամասիայի բաժնի օպերատիվ խումբը՝ Ամասիայի ոստիկանապետի գլխավորությամբ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում Infiniti-ի վարորդ, Ալվար գյուղի բնակիչ Արտավազդ Մկրտչյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150-200 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողին գյուղացիները պատմում էին, որ Ա. Մկրտչյանը Ալվարի գյուղապետն է և մինչ վթարը նրա կինը՝ 61-ամյա Լուիզա Գաբրիելյանը, և հարսը՝ Գայանե Գոմցյանը, սուր կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն: Վերջիններս այս պահին գտնվում են վիրահատարանում: Գյուղացիներն ասում էին նաև, որ Ա. Մկրտչյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է նրանց, որից հետո դուրս է եկել տնից ու վթարի ենթարկվել: Այս պահին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննիչներից կազմված խմբի մի մասը գտնվում է հիվանդանոցում, իսկ մյուս մասն էլ ժամանում է Ալվար գյուղ: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ալվարի գյուղապետարանի հաշվեկշռում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր