211652_close_icon
views-count996 դիտում article-date 18:23 22-04-2014

«Ճամփորդություն Հայաստան». ֆրանսահայ դպրոցականներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան

Փարիզի շրջանի Ալֆորվիլլ քաղաքի Սուրբ Մեսրոպ կրթարանի տարրական դպրոցի ավարտական դասարանի 18 աշակերտներ այցելել են Երևանի քաղաքապետարան, ապա շրջել Երևան քաղաքի պատմության թանգարանում, ունկնդրել Երևանի հիմնադրման և անցյալի ու ներկայի մասին պատմական ակնարկները։ Երկլեզու հայկական կրթարանում, որտեղ պարտադիր ծրագիրը ֆրանսերենով է, հայերեն են ուսանում կրթարանի բոլոր 200 աշակերտները։ «Արդեն ավանդույթ է դարձել, որ ավարտական տարում դասարանները գալիս են Հայաստան՝ իբրև ուխտագնացություն։ Շատ աշակերտներ կան, հատկապես խառնամուսնությամբ կազմված ընտանիքներում, որ հայերենը նրանց խոսակցական լեզուն չէ. կրթարանում նրանք սովորում են հայերեն, ուսումնասիրում են իրենց հայրենիքի լեզուն։ Մեր կրթարանի աշակերտները մեծ հաճույքով են այցելում Հայաստան և այսօր էլ մեծ ոգևորությամբ են եկել Երևանի քաղաքապետարան ու Երևան քաղաքի պատմության թանգարան»,- նշել է Ալֆորվիլլ քաղաքի Սուրբ Մեսրոպ կրթարանի տնօրեն Սիրարփի Քոսոյանը։ Ի հիշատակ Երևանի քաղաքապետարան և Երևան քաղաքի պատմության թանգարան կատարած այցելության՝ կրթարանի սաները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մայրաքաղաքի տեսարժան վայրերով պատկերազարդ գրքեր են նվեր ստացել։

Նմանատիպ նյութեր