211652_close_icon
views-count1643 դիտում article-date 15:08 06-04-2014

Նախարար Քուշկյանը մասնագետների ուշադրությունը հրավիրել է հետպատվաստումային բարդությունների վրա

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մոտ հրավիրվել է իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի նիստ: Խորհրդակցությանը մասնակցել են հանձնաժողովի կազմում ընդգրկված այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: ԼՂՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման պետական ծրագրի ղեկավար Կարինե Բալայանը ներկայացրել է 2011-2015թթ. իմունականխարգելման ծրագրով նախատեսված երկրում ռոտավիրուս պատվաստանյութի ներդրման անհրաժեշտությունը, կարևորությունը, ինչպես նաև մանկական բնակչության շրջանում պատվաստումների իրականացման գործընթացը: Նոր պատվաստանյութը, ըստ ժամանակացույցի, պետք է ներդրվի այս տարվա հունիսի մեկից: Մինչ այդ նախատեսվում են վերապատրաստումներ գործընթացում ընդգրկված բուժաշխատողների համար: Զեկուցողը ներկայացրել է ռոտավիրուսային հիվանդացության վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Հայտնի է, որ այս պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է 2012 թվականից: Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել Հայաստանի փորձը, հայաստանցի գործընկերների հետ համատեղ իրականացնել նախապատրաստական աշխատանքները: Միաժամանակ, հանձնարարել է ի մի բերել հեղինակավոր կազմակերպությունների կարծիքները ռոտավիրուսային պատվաստանյութի վերաբերյալ: Նախարար Քուշկյանը մասնագետների ուշադրությունը հրավիրել է հատկապես հետպատվաստումային բարդությունների վրա: Նա նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել մշտադիտարկման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա հետևել երեխայի առողջական վիճակին պատվաստումից հետո ևս: Հարություն Քուշկյանը կարևորել է նաև հանրային իրազեկումը, հորդորել մանրամասն տեղեկություններ տրամադրել երեխաների ծնողներին, բացատրել պատվաստման կարևորությունը երեխաների առողջության պահպանման հարցում:

Նմանատիպ նյութեր