211652_close_icon
views-count874 դիտում article-date 18:54 04-04-2014

Շարունակվում են ցրտահարությունից տուժած մարզեր այցելությունները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է այցելությունները մարզեր՝ ցրտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ առկա խնդիրներին տեղերում ծանոթանալու նպատակով: Այսօր Ա. Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այցելեց Կոտայքի մարզի Քանաքեռավան, Մրգաշատ համայնքներ, եղավ ցրտահարությունից տուժած այգիներում, հանդիպեց բնակիչների հետ: Վերջիններս ներկայացրեցին ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին ստանձնած վարկային պարտավորություններին, մատչելի ոռոգման ջրով ու սերմացուով ապահովելու խնդիրներին: Փոխվարչապետն ու նախարարը տեղեկացրեցին, որ նշված բոլոր հարցերը քննարկվում են, եւ առաջիկա օրերին արդեն կհստակեցվեն աջակցության մեխանիզմները: Տեղեկացվեց, որ հանձնարարվել է նաեւ գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին: Այնուհետեւ Եղվարդի տարածաշրջանի համայնքների եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Նոր Գեղիի համայնքապետարանում: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին իրավիճակը: Քննարկվեցին ցրտահարության հետեւանքների մեղմանն ուղղված հետագա անելիքները, կարեւորվեցին այգիների խնամքի, նոր մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման աշխատանքները, անդրադարձ եղավ նաեւ հակակարկտային միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի շրջանակում մարզում նախատեսվում է հակակարկտային յոթ նոր կայանք տեղադրել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ անհրաժեշտ սերմացուի տեսակների եւ ծավալների, ինչպես նաեւ պարարտանյութի լրացուցիչ պահանջարկի մասին հաշվարկները համայնքապետները կներկայացնեն մարզպետարան:

Նմանատիպ նյութեր