211652_close_icon
views-count1435 դիտում article-date 16:58 02-04-2014

ՀՀ փոխվարչապետը Արմավիրում հանդիպեց ցրտահարությունից տուժած համայնքների ղեկավարների հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետարանում` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին ցրտահարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը: Ինչպես ապրիլի 1-ին Արարատի մարզում կայացած հանդիպմանը,այստեղ եւս հիմնականում բարձրացվեցին պետության կողմից աջակցությանը, վարկային պարտավորությունների մեղմմանը, առավել մատչելի ոռոգման ջրով, անհրաժեշտ սերմացուով ապահովմանը վերաբերող հարցեր: Նշվեց, որ մարզի գյուղացիական տնտեսությունների մի մասն արդեն երկրորդ տարին է, ինչ զգալի վնասներ է կրում, եւ համայնքապետների կողմից առաջարկվեց այդ տնտեսությունների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ վնասի չափերը ճշգրտելու համար ներկայումս աշխատանքներ են իրականացվում տեղերում: Առաջիկայում տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն կառավարություն: Նա խոստացավ, որ Արմավիրի մարզի դեպքում հաշվի կառնվի նաեւ համայնքապետների մատնանշած հանգամանքը: Տեղեկացվեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նույնպես քննարկում է գյուղացիական տնտեսությունների համար առավել մատչելի ոռոգում ապահովելու հարցը, եւ դրա վերաբերյալ եւս առաջարկություններ կներկայացվեն: Բացի այդ, հանձնարարվել է նաեւ գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին: Վարկային պարտավորությունների խնդրին անդրադառնալով` Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կձեւավորվեն աշխատանքային խմբեր` համայնքներում տնտեսությունների հետ անհատական կարգով աշխատանքներ իրականացնելու եւ պարզելու անցած տարի կարկտահարությունից տուժած տնտեսությունների համար կիրառված մեխանիզմների նպատակահարմարության հարցը ստեղծված իրավիճակում: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող` ցրտահարության հետեւանքների մեղմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի համայնքների ղեկավարներն առաջիկա օրերի ընթացքում հաշվարկեն սերմացուի պահանջարկը եւ համապատասխան տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարան: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը նույնպես Արմավիրի մարզի մի շարք համայնքներում հանդիպումներ կունենա գյուղացիական տնտեսությունների հետ` իրավիճակին եւ առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Նմանատիպ նյութեր