Կառավարությունը միջոցներ կհատկացնի գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման և ախտորոշիչ հետազոտությունների համար
ՀՀ կառավարությունն հաստատել է ՀՀ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման և ախտորոշիչ հետազոտությունների ծրագիրը: Այն մշակվում և հաստատվում է ամեն տարի և նպատակ ունի երկրում պահպանել հակահամաճարակային կայուն վիճակը, միջոցներ ձեռնարկել բրուցելոզ, տուբերկուլոզ, սիբիրախտ, դաբաղ և մի շարք այլ հիվանդությունների դեմ:
Ըստ ծրագրի այս տարի ևս անհրաժեշտ չափաքանակներով ձեռք կբերվեն անասնաբուժական պատվաստանյութեր, ախտորոշիչ միջոցներ և ախտահանիչներ, կիրականացվեն հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ: Ծրագրի բյուջեն հաշվարկվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան անցկացված մրցույթների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և կապալառու ընկերության միջև կնքված պայմանագրերի հիման վրա:
Նիստում հաստատվել է նաև կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն Արարատի և Արմավիրի մարզերում ֆերոմոնային թակարդների օգնությամբ կճշտվեն նշված վնասատուների արեալները, դրանց դեմ քիմիական պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները: