Էրդողանը կարող է այցելել Իսրայել
Թուրքական մամուլը հաղորդում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի օգնական Դավիդ Միդանը հանդիպել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ:
Տեղեկությունների համաձայն, վերջիններիս միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս Իսրայելում և Թուրքիայում այդ երկրների դեսպանատները կրկին բացելու շուրջ: Բացի այդ, քննարկվել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել կատարելիք այցը:
Թուրքական Zaman թերթը գրում է, որ կողմերը փորձում են համաձայնության գալ հարաբերությունները կարգավորելու շուրջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ մեծ առաջընթաց կա, սակայն դեռ պետք է վերջնական համաձայնության գալ:
Միևնույն ժամանակ Նեթանյահուի կաբինետից հերքել են Իսրայել Էրդողանի այցի շուրջ ընթացող բանակցությունների մասին շրջանառվող լուրերը: