211652_close_icon
views-count1486 դիտում article-date 17:46 25-03-2014

Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է. Էդուարդ Շարմազանով

Հարգելի խորհրդարան, Հարեւան երկիրը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ համառորեն մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը: Սրա վառ ապացույցն է այն, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կողմից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը: Ակնհայտ է, որ այս ամենն արդյունք է Ադրբեջանի ղեկավարության ֆաշիստական եւ հայատյաց քաղաքականության: Եվ այս ամենից հետո նրանք դեռ իրենց հասարակությունն անվանում են հանդուրժողական: Կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ գերմանական նացիստներն էին իրենց շարժումը կոչում քրիստոնեական: Մեկնաբանություններն ավելորդ են: Հարգելի գործընկերներ, Վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները: Անդրադառնալով Քեսաբի իրադարձություններին՝ Նախագահ Սարգսյանն իրավացիորեն նշեց. «Քեսաբի հայերի՝ թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է»: Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային խաղաղությանը, այլեւ ազդակ ՄԱԿ-ի եւ այն միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ: Հարգելի խորհրդարան, Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին իր ակտիվ մասնակցությունն է բերում նաեւ քաղաքացիական հասարակությունը, որի կայացումը համարում եմ բոլորիս ձեռքբերումը: Մենք՝ հանրապետականներս, ողջունում ենք քաղաքական բազմակարծության ցանկացած օրինական դրսեւորում, սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ քաղաքական գործիչներ բազմակարծություն ասելով հասկանում են զրպարտանք եւ անձնական վիրավորանք: Նրանք ակնհայտորեն մոռանում են, որ դիմացինին զրպարտելով եւ վիրավորելով իրենք չեն բյուրեղանում: Հիշենք, որ մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն է: Շնորհակալություն ուշադրության համար:

Նմանատիպ նյութեր