211652_close_icon
views-count1798 դիտում article-date 11:30 21-03-2014

ՀՀ ԱԻՆ-ում ընդունել են «ՃԿԿ փորձագիտական աջակցություն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած փորձագետների խմբին

Մարտի 20-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանն ընդունեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության «Ճգնաժամային կառավարման կենտրոնին փորձագիտական աջակցություն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած փորձագետների խմբին։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել ԱԻՆ-ում մի քանի օրվա ընթացքում կայացած հանդիպումների արդյունքները և քննարկել հետագա քայլերը։ ՓԾ տնօրենը, ողջունելով հյուրերին, նշեց. – Այս մի քանի օրվա ընթացքում խորհրդատվական լայնածավալ աշխատանքներ եք իրականացրել, ունեցել բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ։ Վստահ եմ, որ հանդես կգաք մեզ համար օգտակար առաջարկներով։ Արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գերակա ուղղություններից է մարզերում ՃԿԿ-ների և 911 ծառայություն ստեղծումը։ Այսօր բոլոր մարզերում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Հունվարին ԱԻՆ կատարած այցի ժամանակ ՀՀ Նախագահն առանձնացրեց երկու առանցքային խնդիր, այն է` ընդլայնել ՃԿԿ-ների գործունեությունը և կատարելագործել ՃԿԿ-ի համագործակցությունը մյուս գերատեսչությունների հետ։ Փորձագետ Մարկո Բրիոսին, շնորհակալություն հայտնելով խմբի աշխատանքների փայլուն կազմակերպման համար, ավելացրեց. – Մենք լուրջ քննարկումներ ունեցանք Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ամբողջ համակարգի մասին պատկերացում կազմելու համար եղանք նաև Լոռու ձեր մարզային կառույցում։ Ընդհանուր առմամբ շատ դրական բաներ արձանագրեցինք, 911 ծառայությունը մեծ առաջընթաց է ապրել, առկա է արդյունավետ համագործակցություն ՃԿԿ-ի և 911 ծառայության միջև, կա պարտականությունների հստակ տարանջատում, դիսպետչերների` իրենց պարտականությունների և ընդհանուր գործընթացների գերազանց իմացություն։ Կարծում ենք, որ հաջորդ քայլը պետք է լինի համակարգի բոլոր գործընթացների թվայնացումը։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին փորձագիտական խմբի այս տարվա համար նախատեսված աշխատանքները։

Նմանատիպ նյութեր