211652_close_icon
views-count3757 դիտում article-date 12:57 25-02-2014

Այսօր մեծն Զորավարի՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

Անդրանիկ Թորոսի Օզանյանը՝ Անդրանիկ Փաշան, Հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկը, ծնվել է 1865 թվականին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որից հեռացել է 1917 թվականին։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ուԿովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլիսպանությունը, 1901 թվականին Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։ Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր. «Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասաց, որ նա «խենթի պես քաջ է»։ 1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Սասունցի Անդրանիկը պարգևատրվեց Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։ Գունդը Անդրանիկի գլխավորությամբ քաջաբար մասնակցեց Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին՝ 1915 թվականի ապրիլի 15-18-ին, որում Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։ 1918 թվականի հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրումի, Վանի և Մերձծովյան ուղղություններով անցան մեծամասշտաբ գործողությունների. հունվարի 30-ին նրանք գրավեցին Երզնկան, փետրվարի 11-ին՝Տրապիզոնը, ապրիլի 14-ին առանց կռվի մտան Բաթում և սկսեցին շարժվել դեպի Սուխում։ Ապրիլի 25-ին ընկավ Կարսը, մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։ Անդրանիկի գունդը զրկվել էր մանևրելու հնարավորությունից, որովհետև վարելով ծանր պաշտպանական մարտեր Էրզրումի ուղղությամբ, ծածկում էր 1915 թ. փրկված հարյուր հազարավոր հայ, հույն ու ասորի գաղթականների նահանջը, որոնց վրա ռուսների նահանջից հետո նորից սարսափելի վտանգ էր կախված։ Թուրքիայի կողմից Կովկասի մեծ մասի զավթման ու Արևելյան Հայաստանում ցեղասպանության կրկնության վտանգը թվում էր գրեթե անխուսափելի։ Սակայն 1918 թ. մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան անպատմելի ջանքերով զսպեց օսմանյան զորքերին և նրանց արբանյակներին։ Ու չնայած թշնամու որոշ խմբերի հաջողվեց մինչև 20-25 կմ մոտենալ Թիֆլիսին, նրանց հիմնական զանգվածը կանգնեցվեց և ետ շպրտվեց։ Թշնամուց նախաձեռնությունը վերցնելով՝ զորավարը մարտեր է մղում Ղարաքիլիսայի ուղղությամբ։ 1918 թվականի մայիսի 25-28-ին ծավալված Լոռու ճակատամարտում, որ մեծապես ճակատագրական եղավ ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ Կովկասի, Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որոնք ջանում էին Դիլիջանով դուրս գալ դեպի Բաքու։ Կրած պարտության հետևանքով թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ Լեռնային Լոռու մարզի մեծ մասը թողնելու հրաման տալ։ 1918 թվականի հունիսի սկզբին հայկական դիվիզիան մտավ Նոր-Բայազետ, այնուհետև Սելիմի լեռնանցքից Դարալագյազ-Շարուրով դեպի Նախիջևան։ Շուտով զբաղեցվեցին Ջուլֆան և Բիթլիսը։ Հունիսի 14-ին Անդրանիկը հրաման տվեց, որում նշվում էր, թե իր զորքերը ենթարկվում են կենտրոնական Ռուսական կառավարությանը, իսկ Նախիջևանը հայտարարվում էր Ռուսաստանի անբաժանելի մասը։ Զորավար Անդրանիկը նաև հեռագիր ուղարկեց Կովկասի հարցերով արտակարգ կոմիսար և Բաքվի Սովնարկոմի նախագահ Շահումյանին, որում պատրաստակամություն հայտնեց օգնություն ցուցաբերելու Բաքվի վրա հարձակվող թուրքական զորքերից պաշտպանվող Բաքվի կոմմունային։ Դեռևս 1918 թվականի ամռանը թուրքական զորքերը բռնագրավեցին պարսկական տարածքի հյուսիսային մասը՝ դեպի Բաքու առաջխաղացումը ծավալելու համար հենադաշտ ստեղծելով։ Գրավելով, մասնավորապես, Մակու, Սալմաստ, Թավրիզ, Սերաբ, Արդաբիլ և Խոյիրանական քաղաքները, թուրքերը մտադրված էին Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծի միջոցով նոր զորքեր անցկացնել Պարսկաստան՝ Բաքվի վրա հարձակվելու համար։ Բայց Նախիջևանում Անդրանիկի ջոկատները կտրեցին երկաթուղային ճանապարհը, իսկ Ջուլֆայում՝ գրավեցին թուրքական կայազորը։ Խոյի շրջանում հայկական կազմավորումները անսպասելի հարված հասցրին Հյուսիս-արևմտյան Իրանում տեղաբաշխված թուրքական բանակին, ինչը ստիպեց թուրքերին՝ կանգնեցնել հարձակումը Բաքվի վրա և Անդրանիկի դեմ ուղարկել նշանակալի ուժեր։ Խոյում մարտերը տևեցին մի քանի օր։ Թուրքերը կրեցին մեծ կորուստներ, սակայն անընդհատ ժամանող լրացուցիչ ուժերը հայկական դիվիզիայի համար գրավման վտանգ առաջ բերին։ Այդ պայմաններում Անդրանիկը ստիպված եղավ թողնել Խոյը, և, ճեղքելով շրջափակման օղակը, նահանջել Ջուլֆա-Բաքվի շրջանը։ Այնուհետև, թվով գերակշիռ թուրքական զորքերի ճնշմամբ՝ զորավար Անդրանիկը ստիպված եղավ թողնել Նախիջևանը ու անցնել Լեռնային Զանգեզուր՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի միջոցով ճեղքել-հասնել Բաքու և փակել նահանջող թուրքական բանակի ճանապարհը։ Անդրանիկը վիթխարի դեր խաղաց Զանգեզուրի պաշտպանությունում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Երբ նորակազմ կովկասյան հանրապետությունների ղեկավարները, դեռևս 1918 թ. հունվարին դիմեցին թուրքական կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան լսեցին, որ Թուրքիային իրենց կարծիքը չի հետաքրքրում, նրան հուզում է միայն այն, թե այդ առիթով ինչ է մտածում զորավար Անդրանիկը, ինչը լիովին տրամաբանական էր, քանզի հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը։ Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված եղավ հեռանալ արտասահման։ Ճանապարհին, երբ նա անցնում էր Թիֆլիսով, ասաց. «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։ Այդ ծառայությունն Անդրանիկը շարունակեց նաև տարագրության մեջ։ 1919 թվականի դեկտեմբերին«Վաշինգտոն Փոսթ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։ Անդրանիկը մահացավ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000թ.) այն տեղափոխվեց հայրենիք՝ ԵրևանիԵռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։

Նմանատիպ նյութեր