ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը մեկնել է Ռումինիա և մտադիր չէ վերադառնալ Հայաստան․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Մեր ստացած հավաստի տեղեկությունների համաձայն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայումս գտնվում է Ռումինիայում և այլևս չի պատրաստվում վերադառնալ Հայաստան։ ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է ուղիղ մեկ ամիս առաջ։
Ըստ մամուլի հրապարակումների, որոնք որևէ կերպ չեն հերքվել, նրա անունը կապվում է «Հայբիզնեսբանկում» տիրող իրավիճակի հետ։
Ըստ այդ հրապարակումների, Ռոմիկ Հարությունյանը ի պաշտոնե ներգրավված է եղել բանկից խոշոր գումարների անհետացման շուրջ տարվող քննության գործում։ Մասնավորապես նշվում է, որ նա փորձել է գործարքներ առաջարկել գործով անցնող մեղադրյալներին։
Նշենք, որ «Հայբիզնեսբանկից» խոշոր գումարների անհետացման գործով ձերբակալված անձանց թվում է նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը։
Վերջինս, մեր տեղեկություններով, վաճառքի է հանել իր ունեցվածքը, որը սակայն չի «ծածկում» բանկից անհետացած ողջ գումարը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։