Հարկադիրների գրոհումի արդյունքում մի ընտանիք էլ մնաց անտուն
                        Այսօր՝ փետրվարի 18-ին SHAMSHYAN.com-ին է դիմել փաստաբան Գագիկ Մայիլյանը կից ներկայացնում ենք նրա բողոք դիմումը:
24.01.2014 թվականին ներկայացնելով իմ վստահորդ Ալեքսան Ալեքսանյանի շահերը հայցապահանջ եմ ներկայացրել Երևանի Ավան և Նորք-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ Լուսինե Օգումցյանի, Արթուր Միրզոյանի, երրորդ անձ` ՀՀ Կենտրոն Նոտարական տարածքի նոտար  Էմմա Շաբոյանի`փաստացի տիրապետման փաստով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեղանամատյանի 10375 և 10376 ըստ օրենքի ժառանգության իրավունքի գրանցումները մասնակի անվավեր ճանաչելու և որպես հետևանք Արթուր Միրզոյանի անվամբ  27.02.2013 թվականի թիվ 27022013-01-2591 սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին:
29.01.2014թվականին Դատարանը /նախագահող դատավոր Ա.Դավթյան/ որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և միաժամանակ բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը և տվել է կատարողական թերթ, որը ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Ծառայություն.
ԹԻՎ ԵԱՆԴ/0089/02/14 կատարողական թերթի համաձայն 11.02.2014թ.  արգելանք  է դրվել Արթուր Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Բագրատունյաց 17 շենք, 108 հասցեի բնակարանի, գույքի, ինչպես նաև արգելել Արթուր Միրզոյանին և այլ անձանց կատարել ցանկացած գործողություններ նշված անշարժ գույքի նկատմամբ, միաժամանակ արգելել չհոսանքազրկել, չկասեցնել հեռախոսակապը, ջրի մատակարարումը, գազաֆիկացումը, մինչև սույն գործով վերջնական  դատական ակտ կայացնելը:
Սակայն այսօր` փետրվարի 18-ին, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Ծառայության օպերատիվ բաժնի  աշխատակիցները ժամանել են Երևան քաղաքի Բագրատունյաց 17 շենք, 108 հասցեի բնակարան և կատարել են վտարման աշխատանքներ: Ես այդ ժամանակահատվածում եղել եմ այդ բնակարանում,  փորձել  եմ կանխել վտարումը, քանի որ հենց նույն ծառայության Շենգավիթի բաժնի կողմից կայացվել է որոշում, որով արգելվել է ցանկացած գործողություն վերոհիշյալ բնակարանի  նկատմամբ մինչև վերջնական հարցի լուծումը և բացի այդ  իմ վստահորդը և իր ընտանիքի անդամները տեղյալ չեն եղել և առհասարակ չեն ծանուցվել վտարման գործողությունների հետ կապված:  
Այնուամենայնիվ ոչինչ հաշվի չառնելով ԴԱՀԿ աշխատակիցները կատարեցին վտարում: Նշված դեպքի վաղ առավոտյան մինչև վտարման գործողություններ կատարելը ահազանգել եմ  ԴԱՀԿ Ծառայության թեժ գիծ, սակայն համառորեն չեն պատասխանել, զանգահարել եմ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի աշխատակազմ (010) 38-17-00 հեռախոսահամարով, որտեղ ինձ ասացին որ դեպքի  առթիվ շուտափույթ կհայտնեն պարոն Պողոսյանին, սակայն այդպես էլ չարձագանքեցին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


