211652_close_icon
views-count1116 դիտում article-date 19:01 15-02-2014

Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնակատարություններին

Փետրվարի 15-ին նշվում է երիտասարդների արագահաս բարեխոս սրբի՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այն հռչակված է երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միության տանը բացված ցուցահանդեսներին: Ավանդական դարձած այս ցուցահանդեսներին ներկայացված են երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքները սիրո թեմայով՝ սեր առ Աստված, սեր առ Հայրենիք, սեր առ բնություն, սեր մերձավորի հանդեպ, փոխադարձ սեր: Վարչապետ Սարգսյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է ցուցադրված աշխատանքներին, զրուցել երիտասարդ ստեղծագործողների հետ, շնորհավորանքի խոսք հղել տոնի կապակցությամբ. «Միանում եմ այն ջերմ ու գեղեցիկ խոսքերին, որ հնչում են այսօր: Ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս գեղեցիկ տոնի առթիվ: Թող սերը բոլորիցդ անբաժան լինի ու ձեր ընտանիքներում թող միշտ խաղաղություն և սեր լինի»: Հաջորդիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է երիտասարդներով լեցուն Սիրահարների պուրակում կազմակերպված տոնական համերգին: Միջոցառմանը ներկա էին նաև Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սիրահարների այգում կառավարության ղեկավարն այցելել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած սիրիահայերի ձեռագործ հուշանվերների ցուցահանդես, զրուցել սիրիահայերի հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին: Արարատյան Հայրապետական թեմն արդեն ավանդաբար երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնի առթիվ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսի ներքո կազմակերպում է տոնական միջոցառումներ: Այս տարի տոնակատարությունները մեկնարկել են փետրվարի 10-ից: Ս. Սարգսի տոնախմբությունն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր