8581 դիտում
21:05 05-02-2014
Փետրվարյան կրքերն ու ձնծաղիկի էֆեկտը
Փետրվարի 6-ից Հայաստանում ջերմաստիճանը բարձրանալու է: Այս լուրն առանձնակի ուրախացնում է նրանց, ովքեր անհամբեր սպասում են գարնան գալստյանը և ձգտում իրականացնել ձմռանը ճնշված ցանկությունները: Նաև այդ է պատճառը, որ փետրվարին երբեմն բուռն և անկանխատեսելի իրադարձություններ են զարգանում: Եվ դա օրինաչափություն է, ինչպես ձնծաղիկի դուրս գալը ձյան տակից:
Ձնծաղիկը առաջինն է ծաղկում: Այն բազմամյա սոխուկավոր խոտաբույս է: Ծաղկասլաքը սովորաբար կրում է մեկ կորացող ծաղիկ: Ծաղկապատը կազմված է 6 սպիտակ, միմյանցից բաժանված թերթիկներից, որոնցից 3-ը արտաքին են՝ խոշոր, 3-ը՝ ներքին՝ մանր: Ձնծաղիկը հիշեցնում է գարնան գալու, գարնանային փոփոխությունների, սիրո և այլ հաճելի բաների մասին: Այն կարծես թե ակնարկում է, որ շուտով ձմեռն ավարտվելու է, կարելի է մի կողմ նետել ծանր վերարկուն ու մտածել նոր նախաձեռնությունների, ինչ-որ առումով՝ նոր կյանքի մասին:
Այսպիսով, փետրվարը մտածելու, երազելու իրական շրջան է, քանի որ գարունը մոտ է, և երազանքները կարող են շուտով իրականանալ: Սակայն կան մարդիկ, ովքեր այնքան են ոգևորվում իրենց գաղափարներով, որ գարնան անելիքները սկսում են արդեն փետրվարից: Փորձը ցույց է տալիս, որ նման շտապողականությունը ամենևին էլ վտանգավոր չէ: Հակառակը՝ այն երբեմն ապահովում է մեծ շահույթ, քանի որ մրցակցությունը փետրվարին մեծ չէ:
Այնպես որ, եթե մտադիր եք նոր կյանք սկսել, ապա պարտադիր չէ սպասել գարնանը: Կարելի է սկսել նույնիսկ փետրվարին: Փետրվարյան նախաձեռնությունը ինչ-որ առումով անբնական է, որովհետև կաղապարային մոտեցում կա, թե բնությունը ձմեռային քնից զարթնում է գարնանը: Այս տեսանկյունից համարվում է, որ փետրվարյան նախաձեռնությունը ժամանակավրեպ է և հաջողության հասնելու շանս չունի: Սակայն առաջին ձնծաղիկը մարտահրավեր է նետում այս ստերեոտիպին՝ ապացուցելով, որ կարելի է ծաղկել՝ դեռ գարունը չբացված:
Փետրվարյան կրքերը զսպել խորհուրդ չի տրվում: Եթե կարծում եք, որ եկել է ցանելու կամ սիրահարվելու ժամանակը, ապա խորհուրդ է տրվում գտնել ցանկությունները իրականացնելու ողջամիտ տարբերակներ: Իսկ ցանկությունները ճնշելն առաջացնում է հոգեբանական խնդիրներ, որոնց հետևանքով խանգարվում է ուղեղի աշխատանքը: Այն դադարում է համարժեք արձագանքել ժամանակին արված ցանկալի առաջարկներին: Արդյունքում ոչ մի խնդիր չունեցած մարդը գարնանն անսպասելի ընկնում է դեպրեսիայի մեջ այն ժամանակ, երբ շուրջ բոլորը ծաղկում են:
Ձնծաղիկն իր համարձակությամբ ապացուցում է նաև, որ դեպի վեր բարձրանալու խոչընդոտները մեծ մասամբ հաղթահարելի են: Իսկ միտքը, որ իր ներկայությամբ ուրախացնելու է ինչ-որ մեկին, մեծ ոգևորություն է պատճառում ծաղկին և խթանում նրա ընթացքը: Այդ փոխադարձ բարձր տրամադրությունը ջերմացնում է ընդհանուր մթնոլորտը, կենսական նոր լիցքեր հաղորդում և արագացնում գարնան գալը:
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Նմանատիպ նյութեր
2049 դիտում
09:49 01-10-2014
ՀԱԿ խմբակցությունում կրքերն օր-օրի թեժանում են. Ժողովուրդ
Այս բաժնից
1180 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
730 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար