ԿԽՄԿ ներկայացուցիչները գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջայանին են հանձնել նրա թոռան նամակը
Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանին հանդիպած Կարմիր Խաչի ներկայացուցիչները թոռան նամակը փոխանցել են նրան, սակայն պատասխան նամակ չեն բերել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
Միաժամանակ Կ. Չոբանյանը ասաց, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները փոխանցել են, որ ադրբեջանցիներն էլ են համոզվել, որ Մամիկոն Խոջոյանը հոգեկան խնդիրներ ունի եւ նրան հետ վերադարձնելու հավանականությունը մեծ է:
Գյուղապետը, մանրամասնելով, թե ինչու է գերի ընկած տղամարդը խելագարվել, ասաց, որ նրա կինը երիտասարդ հասակում է մահացել, տղան՝ եւս, երկու թոռները Ռուսաստանում վթարի զոհ են դարձել, մի թոռն էլ հիվանդության պատճառով է մահացել: «Մեկը մյուսի հետեւից այդ կորուստները նրան աստիճանաբար հասցրեցին խելագարության»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններ է սկսել հայ-ադրբեջանական սահմանը հատած և թշնամու տարածքում գերի վերցված Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիարղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանին ազատ արձակելու շուրջ:
Հիշեցնենք, որ Մ. Խոջայանը վերջին 3 տարիներին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ադրբեջանական կողմը հասցրել է Խոջայանին որպես «զինված դիվերսանտ» որակել: