Փարիզի շենքերից մեկի ճակատը զարդարող Միսաք Մանուշյանի որմնանկարը պղծվել է
Ֆրանսիական «Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ «Մետրոնիուզ» թերթը տեղեկացրել է, որ ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից, Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանի որմնանկարը, որ զարդարում է Փարիզի 20-րդ թաղամասի շենքերից մեկի ճակատը, պղծվել է Ֆրանսիայում արգելված հակասեմական երգիծաբան Դիեոդոնեի ներկայացումներից մեջբերված արձանագրություններով:
Որմնանկարի ներքևում նկարել են արքայախնձոր և գրել՝ «Շոա Նանա»։
Գրությունները երգիծաբանի վիճահարույց սքեչի ուղղակի մեջբերումն են: Հիշեցնենք, որ այդ արտահայտությունների համար նա տուգանվել է 8.000 եվրոյով` «զրպարտության, վիրավորանքի, ատելության և ցեղապաշտական խտրականություն սերմանելու» մեղադրանքով:
Որմնանկարի վրայի արձանագրությունները տեղական իշխանությունները հայտնաբերել են միայն վերջերս, թեև, ամենայն հավանականությամբ, դրանք կատարվել են անցյալ շաբաթ:
Տեղի բնակիչները Փարիզի 20-րդի թաղապետ Ֆրեդերիկա Գալանդրանին զգուշացրել էին այդ մասին: Առաջին անգամ է Մանուշյանի որմնանկարը դառնում նման վայրագության զոհ:
«Այսպիսի խորհրդանիշը պղծելը հավասարազոր է հանրապետության վրա հարձակման»,- նշել է թաղապետը: