14042 դիտում
10:18 30-01-2014
28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում BMW-ով հայտնվել է հրապարակի շատրվանների մեջ. կան վիրավորներ
Երեկ՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ, 28-ամյա Արամ Բարսեղյանը, վարելով BMW մակնիշի 34 ՍV 326 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Արմավիրի քաղաքապետարանի առջև գտնվող շատրվանների բետոնե հատվածին և կողաշրջվելով՝ հայտնվել շատրվանների մեջ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ու 2 ուղևորները՝ Սարդարապատ գյուղի բնակիչներ, 22-ամյա Անտոն Մեծիկյանը և 30-ամյա Հայկ Մեծիկյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու 2 ուղևորները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ վթարի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչները տարակուսած պատմում էին, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ ձայնը լսելի է եղել անգամ տներում:
Վթարի վայր են ժամանել Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Ումուրշատյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+