«Գայի պլաշադկա» տեղափոխված 25 ավտոմեքենաների վարորդներից 20-ը եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ
Երեկ՝ հունվարի 24-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 25 ավտոտրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուգանային հրապարակ տեղափոխված տրանսպորտային միջոցների վարորդներից 20-ը եղել են ոչ սթափ վիճակում, իսկ ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտած մնացած վարորդները չեն ունեցել նաև վարորդական իրավունքի վկայական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ուժեղացված միջոցառումը կապված է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականի հետ, որը դրվել է ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի հսկողության տակ:
Երեկ՝ հունվարի 24-ին, Երևանում ՃՈ աշխատակիցների կողմից ուժեղացված ծառայության աշխատանքները ղեկավարել է Երևանի ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար (Երևանի ՃՈ պետ) Արսեն Արշակյանը:
Բոլոր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, իսկ վերջիններս տուգանվել են 100 հազարից մինչև 150 հազար դրամով: «Գայի պլաշադկա» տեղափոխված ավտոմեքենաների մեջ կան նաև արտասահմանյան տարբեր մակնիշի և «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի