14092 դիտում
00:32 23-01-2014
26-ամյա վարորդը «Բրաբուս»-ով Արշակունյաց պողոտայում ավտոմեքենաների ջարդ է արել. կան վիրավորներ
Երեկ` հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա Նարեկ Կարապետյանը վարելով Mercedes-Benz G320 մակնիշի 11 AA 118 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում հարվածել է, ըստ նախնական տեղեկությունների թիվ 30 շենքի մոտ կայանված Շեվրոլե մակնիշի 2 տաքսի ավտոմեքենաների:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, վիրավորներին օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչները: Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր են ժամանել հրշեջ փրկարարները` 1 մարտական հաշվարկով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո «Բրաբուս»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է տաքսու վարորդների և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Mercedes-Benz G320-ը հաշվառված է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Սեդրակ Թորոսյանի անվամբ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+