Ջերմությունը պետք է և՛ մարդկանց, և՛ պետությանը, որովհետև դրանից է գեներացվում հասարակական էներգիան. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը գրում է.
«Առաջ, երբ քաղքենիական բարքերը արմատավորված չէին և մարդու հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր, տարվա ամենախորհրդավոր շրջանը ձմեռն էր: Մարդիկ հաճախ էին հանդիպում, հաճախ հյուրեր ընդունում: Հավաքվում էին վառարանի շուրջ, կիսվում հետաքրքիր պատմություններով ու երազում: Ներկայում իրավիճակը մտահոգիչ է: Սառցե թագուհին և սոցիալական անտարբերությունը խլում են բարեկամին-բարեկամից: Սառնամանիքը գումարվում է համընդհանուր դեպրեսիային և սրում կոմունիկացիոն խնդիրները: Օդի ջերմաստիճանն ազդում է միջանձնային հարաբերությունների որակի վրա և կարծես թե սառում են մարդկանց սրտերը: Վաղեմի մտերիմները՝ երբեմն առանց լուրջ պատճառների կորցնում են իրար:
Ներկայում չինովնիկները լրջորեն մտահոգված են անխափան գազամատակարարում ապահովելու, քաղաքացիները բնակարանները ջեռուցելու կենսական խնդիրներով, սակայն հասարակական հարաբերությունների ջերմությունն ապահովելու խնդիրը ոչ ոքի չի մտահոգում: Այդ ջերմությունը պետք է և՛ մարդկանց, և՛ պետությանը, որովհետև դրանից է գեներացվում հասարակական էներգիան, որն անհրաժեշտ է սոցիալական և քաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար»: