Վթարի է ենթարկվել մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տղան, իսկ վիրավորը` ՄԻՊ-ի գլխավոր խորհրդականն է
                        Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական  բաժնի Հրազդանի քննչական  բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ`  հունվարի  13-ին,  Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժնի վարչական շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա  Արտաշես Ավետիսյանի վարած Lexus մակնիշի 77 NN 007 համարանիշի և Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի  բնակիչ  31-ամյա Արտակ Մելիքյանի վարած Opel Astra  մակնիշի 33 DՍ 762 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր,  Երևանի բնակիչ 24-ամյա  Հայկ Աբգարյանը ձախ դաստակի և նախաբազուկի քերծվածք-վերք ախոտորոշմամբ բուժօգնության է դիմել Հրազդանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Lexus-ի վարորդ Ա. Ավետիսյանը նախկին Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանի տղան է, ով  աշխատում է Ծաղկաձոր քաղաքում գործող Գոլդեն Պալաս հյուրանոցում`  որպես մասնաճյուղի տնօրեն,  իսկ նրա ուղևոր, հիվանդանոց տեղափոխված Հ.  Աբգարյանն  աշխատում է Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակում`  որպես գլխավոր խորհրդական:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

