211652_close_icon
views-count19982 դիտում article-date 12:41 15-03-2013

Նախազգուշական «կրակոց»՝ «Բավարիա»-ի ուղղությամբ

2013-03-15 12:41:26 Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բավարիա»-ն իսկական չար կատակ խաղաց իր երկրպագուների հետ: Մյունխենցիները առաջին խաղում մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով հաղթանակ տոնելուց հետո` պատասխան խաղում, համարձակվեցին «Արսենալ»-ին պարտվել 0:2 հաշվով, սակայն մրցակցի հարկի տակ խփած գնդակի շնորհիվ այդուհանդերձ հաջորդ փուլի իրավունք ստացան հենց բավարիացիները: Այս խաղից հետո «Բավարիա»-ն կտրուկ փոխեց այն կարծիքը, ըստ որի, մյունխենյան «անխափան մեքենան» համարվում է Չեմպիոնների լիգայի հաղթողի թիվ 1 հավակնորդը: Ավելին, «Բավարիա»-ն վերոնշյալ խաղում ցույց տվեց, թե որքան խոցելի է և ամենևին էլ «անխափան մեքենա» չէ: Մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները հավանաբար ֆուտբոլային մասնագետների գովասանքներից և հաճոյախոսություններից սավառնում էին ամպերով: Եվ ահա Վենգերի սաները իսկական դաս տվեցին մեծամիտ բավարացիներին և վայր իջեցրեցին 7-րդ երկնքից: «Բավարիա»-ն իրեն ոչ հարիր կերպով անցկացրեց «Արսենալ»-ի հետ հանդիպումը և դրա համար կարող էր շատ թանկ գին վճարել, եթե անգլիական ակումբին հաջողվեր խաղավերջում խփել նաև 3-րդ գնդակը: Հուրախություն գերմանական ակումբի և նրա երկրպագուների այդ հրաշքը տեղի չունեցավ և «Բավարիա»-ն շարունակում է պայքարը: Որո՞նք էին «Բավարիա»-ի ցուցադրած այդ անհաջող և անատամ խաղի պատճառը կամ պատճառները: Այս հարցին շատ դժվար է միանշանակ պատասխան տալ, քանի որ մինչ այդ թիմը ցուցադրում էր գրեթե իդեալական ֆուտբոլ, որը ասոցացվում էր խաղային դիրքերի ներդաշնակ համագործակցությամբ և բարձր կարգապահությամբ, որը թիմին օգնում էր մեկը մյուսի հետևից ջախջախել մրցակիցներին: «Բավարիա»-ի խաղային խնդիրները որոշակիորեն աչքի ընկան դեռևս Բունդեսլիգայի նախորդ տուրում «Ֆորտունա»-ի հետ կայացած խաղի ժամանակ, երբ Հայնկեսի սաները, սեփական հարկի տակ ոչ այդքան լավ ֆուտբոլ ցուցադրելով, կարողացան կամային հաղթանակ տոնել Բունդեսլիգայի չափանիշներով համեստ «Ֆորտունա»-ի նկատմամբ: Այդ ժամանակ առաջին անգամ աչքի զարնեցին խաղային որոշակի խնդիրեր, սակայն այդ խնդիրները մարզչի կողմից ոչ միայն չուղղվեցին, այլև դրանք ավելի խորացան, որոնք լիովին արտացոլվեցին լոնդոնյան ակումբի հետ խաղում: Խնդիրներից առաջին հավանաբար կայանում է թիմի բարոյահոգեբանական իրավիճակի անկումը և զգոնության կորուստը: Երկրորդ խնդիրը հավանաբար կադրային է, քանի որ Ռիբերիի և Շվայնշտայգերի բացակայության պայմաններում թիմը այն չէր, ինչ-որ նրանց ներկայությամբ: Առանց Ռիբերիի թիմը շատ միօրինակ էր գործում հարձակվողական գործողությունների ժամանակ, իսկ հենակտեյին դիրքում առանց Շվայնշտայգերի շատ էին սխալները: Ամեն դեպքում սխալների ուղղման համար Յուպ Հայնկեսը շատ քիչ ժամանակ ունի, քանի որ առջևում սպասվում են ավելի բարդ և պատասխանատու հանդիպումներ: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր