211652_close_icon
views-count13977 դիտում article-date 10:59 09-09-2014

Իջևանում հայր ու որդի փորձել են սպանել «Գետափ» սրճարանի տնօրենին

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել, իսկ հետո կրակոց է հնչել Իջևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:50-ի սահմաններում Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Գետափ» սրճարանի տարածքում նույն սրճարանի տնօրեն, 40-ամյա Կարեն Անտոնյանի և նրա աշխատակցուհու հետ վիճաբանություն է տեղի ունեցել Իջևանի բնակիչներ, 53-ամյա Աղվան Մելիքբեկյանի և 25-ամյա Էդգար Մելիքբեկյանի միջև: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. և Է. Մելիքբեկյանները հայր ու որդի են: Վիճաբանության ժամանակ Ա. Մելիքբեկյանը գարեջրի շշով հարվածել է Կ. Անտոնյանի պարանոցին, այնուհետ իր մոտ եղած դանակով հարվածել է նրան: Երբ մարդիկ են հավաքվել, հայր ու որդի դիմել են փախուստի, իսկ որոշ ժամանակ անց Էդգարը վերադարձել է սրճարան իր մոտ եղած մեկփողանի կարճեցված փողով հրացանով և հարձակվել Կ. Անտոնյանի վրա՝ սպառնալով, որ կսպանի նրան: Այդ պահին տեղի է ունեցել քաշքշուկ, որի ժամանակ հնչել է կրակոց: Բարեբախտաբար ոչ ոք տուժել կրակոցից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սրճարանի տնօրենը կարողացել է Էդգարի ձեռքից խլել հրացանը և այն ներկայացրել է ոստիկանության Իջևանի բաժին: Գիշերը Իջևանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Մելիքբեկյանին, իսկ Է. Մելիքբեկյանը ոստիկանների կողմից որոնվում է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի1-ին մասի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր