211652_close_icon
views-count640 դիտում article-date 14:19 24-09-2026

Նորքի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է Մյասնիկյան պողոտայում գտնվող Երևանի պատմական կամուրջներից մեկի՝ Նորքի (Գետառի) կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները:

Դրանք ամբողջությամբ փակել էին դեպի կամուրջ մուտքը և այն անհասանելի դարձրել այցելության համար:

Հաշվի առնելով կամրջի ներկայիս վիճակը՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում կնախաձեռնի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակումը, ապա՝ նորոգումն ու տարածքի բարեկարգումը:

Ըստ Հայաստանի պատմության թանգարանում պահվող արձանագրության՝ կամուրջը կառուցվել է 1664 թ. նորքեցի Հովհաննես վարդապետի միջոցներով. ճարտարապետը Գրիգորի որդի Կիրակոսն է:

Կամուրջը նախկինում Երևանը կապել է Ավան գյուղին․ դրա վրայով են անցել նաև դեպի Սևան, Վրաստան, Ռուսաստան գնացող առևտրական քարավանները: 1965 թ. կամուրջը վերանորոգել է Հայաստանի հուշարձանների պահպանության վարչությունը:

Հիշեցնենք, որ Երևանի պատմական կամուրջներից մյուսը՝ Կարմիր կամուրջը, վերջին երեք տարիների ընթացքում պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում արդեն վերականգնվել է:

Նմանատիպ նյութեր