211652_close_icon
views-count553 դիտում article-date 17:17 22-09-2026

Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին գումարել է հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՌՀ-ից:

«Օրակարգում էր 5 հարց՝

-Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային` ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:

-«ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

-«ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 29 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

-«ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 31 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

-«ՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 32 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հաջորդիվ ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։

Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության արձանագրության hամաձայն, «ՌԱԴԻՈՏՈՒՆ» և «ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ ընկերությունները չեն ապահովել հայերեն տեսալսողական հաղորդումների տոկոսային ժամաքանակը։ Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից:

Վարչական վարույթի բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել 300.000-ական ՀՀ դրամի տուգանքը։

Հանձնաժողովը «ՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունից պահանջել է ներկայացնել հեռարձակվող «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» տեսալսողական ծրագրի 2026թ․ օգոստոսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունը, որի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։ Ըստ Արձանագրության՝ 2026թ․ օգոստոսի 6-ին հեռարձակված «Ноян Тапан на Русском» գրառմամբ 2 հաղորդումների ժամանակահատվածում «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» տեսալսողական ծրագրի անվանումը նշվում է օտար լեզվով՝ «Ноян Тапан», առանց հայերեն տառադարձության։

ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր