211652_close_icon
views-count1393 դիտում article-date 15:05 24-08-2026

«Իրական Հայաստանը» Ադրբեջանին ենթարկվող և ազգային պետությունը վերացնող ծրագիր է․ Լևոն Զուրաբյան

«Իրական Հայաստանը» Ադրբեջանին ենթարկվող և ազգային պետությունը վերացնող ծրագիր է։ Այս ,ասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանի կողմից միաձայն ընդունվեց Անկախության հռչակագիրը, ոչ ոքի մտքով այն ժամանակ չէր անցնի, որ պատմական այդ իրադարձության 36-րդ տարեդարձը մենք կդիմավորենք մի Հայաստանում, որի իշխանությունները

- Մերժելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, կընդունեն ադրբեջանական հայատյաց կառավարական պրոպագանդայի այն պնդումը, որ ՀՀ Սահմանադրությունը, հղում տալով Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է դնում Ադրբեջանի առաջ:

- Հանդես կգան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրորեն երաշխավորված ազատություններն ու ինքնուրույնությունը ոչնչացնելու կառավարության հակասահմանադրական ծրագրով

- Պատրաստակամություն կհայտնեն` հավելումն ԹՐԻՓՓ-Զանգեզուրի միջանցքի տրամադրման, նաև Ադրբեջանին հանձնելու այսպես կոչված «անկլավները», ինչն էլ ավելի կխորացնի Ադրբեջանի վերահսկողությունը Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռազմավարական հաղորդակցության ուղիների նկատմամբ:

1991-ին անկախության ձեռքբերումից ի վեր, Հայաստանը և նրա իշխանությունները երբեք Ադրբեջանին կամ հարևան որևէ երկրի չեն ներկայացրել տարածքային պահանջներ: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի պնդումները Հայաստանի կողմից իբր այլ երկրներում «հայրենիք փնտրելու» մասին ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական պետության վարկաբեկման և Ադրբեջանի ստահոդ պրոպագանդայի լեգիտիմացման դավաճանական հակապետական գործունեություն:

Այսպես կոչված նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում սեփական պետական կամքից զրկված, ազգային հայկական պետությունը վերացրած և ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է:

Այդ ծրագիրը հայ ժողովրդի կողմից չի ընդունվել, ընտրություններ կեղծված են, և հայ ժողովուրդը դեռ իր խոսքը կասի:

Նմանատիպ նյութեր