211652_close_icon
views-count2386 դիտում article-date 16:00 21-06-2026

Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում. Գեղաշեն գյուղի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ պահանջելով մեկընդմիշտ փակել գյուղը թունավորող ավազի հանքի շահագործման թեման․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 21-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Աբովյան խոշորացված համայնքի Գեղաշեն բնակավայրի բազմաթիվ բնակիչներ հավաքվել էին գյուղի վերջնամասում՝ բարձրաձայնելու իրենց բողոքն ու ընդվզումը։ Խնդրի կիզակետում խորհրդային տարիներին գործած ավազի հանքի հնարավոր վերաբացումն է, որն իր ժամանակին իսկական պատուհաս էր դարձել ողջ գյուղի համար։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տեղացիները մտահոգությամբ ու վրդովմունքով պատմում էին. «Խորհրդային տարիներին, երբ այս հանքը շահագործվում էր, մեզ ասում էին, թե այստեղի ավազը տեղափոխում են Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքը վերակառուցելու համար։ ԽՍՀՄ փլուզումից հետո հանքը ևս մի քանի տարի աշխատեց ու վերջապես փակվեց։ Այդ ժամանակ բոլորս իրար շնորհավորում էինք, որ ազատվեցինք այդ չարիքից ու կարող ենք լիաթոք շունչ քաշել։

Սակայն հարաբերական անդորրը խաթարվեց 2021 թվականին, երբ հայտնվեց մի կազմակերպություն և սկսեց հանրային լսումներ նախաձեռնել՝ հանքը վերաբացելու նպատակով։ Առաջին երեք լսումները փորձեցին անցկացնել սահմանափակ թվով մարդկանցով, բայց չորրորդ անգամ արդեն ամբողջ գյուղն իմացավ ու ոտքի կանգնեց։ Բոլորս միահամուռ դեմ արտահայտվեցինք։ Դրանից հետո ընկերությունը սկսեց տարբեր մեթոդներով շրջանցել մեր կարծիքը՝ թույլտվություն կորզելու համար։ Դիմեցինք Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին. նա եկավ գյուղ, լսեց մեզ և ընկերության ներկայացուցիչներին հստակ հասկացրեց՝ եթե ողջ գյուղը դեմ է, հանքը չի՛ շահագործվելու։ Հիմա, սակայն, նորից ինչ-որ կուլիսային գործընթացներ են գնում, փորձում են համոզել ավագանուն, որպեսզի համաձայնություն տա»։

Բնակիչների խոսքով՝ անցած 30 տարիների ընթացքում հանքի տարածքը հազիվ կանաչապատվել է, բնությունը վերականգնվել է, ու գյուղը փրկվել է մշտական փոշուց. «Երբ հանքն աշխատում էր, ամբողջ գյուղը կորած էր փոշու և ծխի մեջ։ Գյուղատնտեսությունն ու անասնապահությունը կաթվածահար էին եղել, ծառերը չորանում էին, արոտավայր չկար։ Այսօր Գեղաշենն ունի մոտ 5000 բնակիչ, այն մարզի երկրորդ խոշոր գյուղն է, որն օրեցօր աճում ու զարգանում է։ Հանքի շահագործումը կործանարար է լինելու մեր կյանքի ու առողջության համար։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալ։ Այդ ընկերության տնօրենին ասացինք՝ եթե այդքան անվնաս է, եկեք ձեր ընտանիքով ապրեք այս տներից մեկում։ Պատասխանեց՝ «էս փոշու մեջ ո՞նց ապրենք»։ Բա եթե ինքը չի կարող, մենք ու մեր երեխաներն ինչպե՞ս ապրենք»։

Գեղաշենցիները բաց նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ ակնկալելով հարցի վերջնական և արդարացի լուծում. «Պահանջում ենք մեկընդմիշտ փակել այս թեման, որպեսզի հանքի շահագործման մասին այլևս ոչ մի խոսակցություն չլինի։ Հակառակ դեպքում՝ ողջ գյուղով պատրաստ ենք դիմելու ամենակտրուկ միջոցների»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր