211652_close_icon
views-count1147 դիտում article-date 20:09 18-04-2026

Անահիտ Ավանեսյանն ամփոփել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման առաջին 100 օրվա արդյունքները

«Այսօր ամփոփում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման առաջին 100 օրվա արդյունքները։ Այս ժամանակահատվածը մի ճանապարհի սկիզբ է, որը էապես փոխում է մեր երկրի առողջապահական համակարգը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ ժամանակ է պետք, որ ժողովուրդն իր վրա զգա այս բարեփոխման արդյունքները և գոհ լինի, որ, ի վերջո, երկար տարիների սպասված երաշխիքը պետությունն իրեն մատուցում է»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը խորհրդանշող միջոցառման ժամանակ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
 
Նախարարն ընդգծել է, որ բարեփոխումը հնարավոր է դարձել նախ ՀՀ վարչապետի քաղաքական կամքի, պետական համակարգի կուռ աշխատանքի, թվային և օրենսդրական դաշտի, բժշկական կենտրոնների, բժիշկների, բուժքույրերի, պետություն - մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Եվ, որ պակաս կարևոր չէ` Հայաստանի ամեն քաղաքացի, ամեն հարկ վճարող իր բաժին ներդրումն ունի այս մեծ բարեփոխման իրականացման գործում: Նախարարը նշել է, որ առաջիկա տարիների հանձնառությունն է լինելու կառուցել էլ ավելի կայուն, էլ ավելի ընդգրկուն ապահովագրական համակարգ:
 
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության առաջին 100 օրվա հիմնական վիճակագրական ցուցանիշները։
 
Մասնավորապես` արդեն ավելի քան 1.7 միլիոն քաղաքացի ապահովագրված է, ապահովագրական փաթեթը ներառում է շուրջ 2400 ծառայություն, իսկ առաջին երեք ամիսներին իրականացված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 40 միլիարդ դրամ։
 
Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցներից բարձրաստիճան հյուրեր և բժշկական համայնքի ու միությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր