211652_close_icon
views-count2224 դիտում article-date 14:05 13-04-2026

Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան  Տիգրան Դումիկյանը գրել է.

Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում

Երևանի «Ազատության» հրապարակում ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած բազմամարդ հանրահավաքը առաջին հերթին ազդարարեց, որ Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է։ Այդ փոփոխությունն, ըստ էության, պետք է լինի ազգային բարերար և այլևս Հայաստանում ամենամեծ ընդիմադիր շարժման ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, քանի որ հենց նրա առաջ քաշած օրակարգի շուրջ էլ սկսում է ձևավորվել ոչ միայն հասարակական, այլև քաղաքական լայն կոնսոլիդացիա։

Սովորաբար նման մասշտաբի միջոցառումները հնարավոր է լինում կազմակերպել նախընտրական քարոզարշավի ամենաակտիվ փուլում, երբ հասարակությունը առավելագույնս մոբիլիզացված և մոտիվացված է։ Սակայն համապետական ընտրություններից դեռևս երկու ամիս առաջ այդ մակարդակի հանրահավաքի և երթի կազմակերպումը վկայում է ոչ միայն նորաստեղծ ընդդիմադիր ուժի զգալի հանրային աջակցության, այլև այն մասին, թե որքան վճռական են տրամադրված հանրության լայն շերտերը՝ երկրում իրական և խորքային փոփոխություններ իրականացնելու հարցում։

Հատկանշական և, միաժամանակ, զավեշտալի էր, որ գործող վարչակարգի ներկայացուցիչները նախ տարածեցին հանրահավաքի մասշտաբը խեղաթյուրող կեղծ լուսանկարներ, ապա հանդես եկան արհամարհական ու անպատշաճ գրառումներով։ Ի պատասխան՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կոշտ և հեգնական արձագանքը մեկ անգամ եւս հիշեցրեց հայկական հայտնի ասացվածքը՝ ստի ոտքը կարճ է լինում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մի բան ասելու, հետո սեփական խոսքերից հետ կանգնելու գործելաոճը վաղուց արդեն հանրության շրջանում դարձել է ծաղրի ու զվարճանքի առարկա։ Դե, իսկ «Ուրախ ավտոբուսի» տխուր պատմությունները շարունակաբար վկայում են, որ օրվա իշխանությունն ամբողջությամբ սպառել է իր վստահության մանդատը։

Ամեն դեպքում, վերջնական որոշումը կայացվելու է ընտրատեղամասում։ Կողմ թե դեմ կարծիք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հունիսի 7-ին պետք է իր դիրքորոշումը վավերացնի՝ պարտադիր մասնակցելով քվեարկությանը։ Հակառակ դեպքում՝ ակտիվ փոքրամասնությունը շարունակելու է իր կամքը թելադրել բոլորին՝ անկախ հանգամանքներից։

Նմանատիպ նյութեր