211652_close_icon
views-count8290 դիտում article-date 11:29 23-03-2026

Ողբերգական ավտովթար՝ Աբովյան քաղաքում. «Kia»-ն արմատից կոտրել է ծառն ու կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր. մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում. ժամանել են մարզի փրկարարական վարչության պետը, ՊԾ հրամանատարն ու Աբովյանի քաղաքապետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:40-ի սահմաններում Սյունիքի մարզում հաշվառված 19-ամյա  Վարդան Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կիսակողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարդան Ա.-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 19-ամյա Ամուր Ա.-ն, 20-ամյա Ռոբերտ Ղ.-ն և 19-ամյա Արամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորներից Վարդան Ա.-ն գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում։

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ում հանձնարարականով կոմունալ բաժնի աշխատողները սպասում էին մինչև քննիչների աշխատանքի ավարտը, որպեսզի տարածքից հեռացնեն արմատախիլ եղած ծառը ու մաքրեն տարածքը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+

Նմանատիպ նյութեր