211652_close_icon

Մեր պայքարը շարունակվելու է՝ փաստերով, արժանապատվությամբ և օրենքի շրջանակում․ Գարիկ Ուրումյան

views-count613 դիտում article-date 22:58 17-02-2026
Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

Ութ տարի մենք պայքարել ենք՝ լուռ, հետևողական, առանց ինքնագովազդի և առանց սենսացիաների։ 2018թ.-ից մեր պայքարը եղել է ազնիվ ու սկզբունքային՝ ոչ թե հանուն աթոռի, պաշտոնի կամ անձնական շահի, այլ հանուն պետության, հանրային արժանապատվության և ճշմարտության։ Մեր աշխատանքը երբեք չի կառուցվել աղմուկի, պատվերով նյութերի կամ արհեստական վարկանիշների վրա։

Այն, որ մենք չենք զբաղվել ինքնագովազդով, չի նշանակում, թե հանրությունը մեզ չի ճանաչում։ Հանրությունը շատ լավ է տարբերում իրական գործը՝ տեղեկատվական մանիպուլյացիայից։ Եթե այսօր ինչ-որ մեկը ձևացնում է, թե «չի ճանաչում», վաղը անպայման կճանաչի՝ գործով, ոչ թե վերնագրերով։

Վերջին շրջանում ակնհայտ է, որ մեզ նպատակային թիրախավորում է Փաստինֆո լրատվականը՝ տարածելով խեղաթյուրված, միակողմանի և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Տեղեկատվական պայքարը կարող է լինել կոշտ, բայց այն պետք է մնա փաստերի և մասնագիտական բարեվարքության շրջանակում։ Երբ այդ սահմանը հատվում է, դա արդեն դառնում է ոչ թե լրագրություն, այլ՝ ուղղորդված քարոզչություն։

Մարդկանց վիրավորելը, պիտակավորելը, անհիմն մեղադրանքներ տարածելը և անձնական թիրախավորում կազմակերպելը խոսքի ազատություն չէ։ Դա իրավական և բարոյական պատասխանատվության դաշտ է։

Մենք որևէ մեկին չենք սպառնում։ Մենք պարզապես արձանագրում ենք՝ յուրաքանչյուր հրապարակման, յուրաքանչյուր զրպարտության և յուրաքանչյուր մանիպուլյացիայի համար լինելու է իրավական գնահատական։ Օրենքը գործում է բոլորի համար՝ անկախ նրանից, թե ով է կանգնած խմբագրական սեղանի մյուս կողմում։

Մեր պայքարը շարունակվելու է՝ փաստերով, արժանապատվությամբ և օրենքի շրջանակում։ Իսկ նրանք, ովքեր ընտրել են սուտը որպես գործիք, վաղ թե ուշ պատասխան են տալու՝ հանրության և իրավական համակարգի առաջ։

Նմանատիպ նյութեր