211652_close_icon

Հերթական անգամ ստահակը կամ ստահակները ոտնձգություն են կատարել «Չայնիի» ոլորաններում տեղադրված «Արձագանք» քանդակի նկատմամբ․ այն վերջերս էր Կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել և դարձել նաև զբոսաշրջիկների սիրելի վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count3175 դիտում article-date 21:19 04-02-2026
Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին, «Չայնիի» ոլորաններում դեռ սովետական տարիներին է տեղադրվել «Արձագանք» քանդակը, որը տարիներ առաջ թալանվել և ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ Կառավարությունը ֆինանսական միջոցներ էր տրամադրել ու արձանը ամբողջովին վերականգնվել ու տեղադրվել էր, ինչից հետո նաև բարեկարգվել էր տարածքը, տեղադրվել էին արտաքին լուսավորման լեդ լույսեր, տնկվել էին եղևնիներ, ինչը ոչ միայն Հայաստանի, այլ նաև արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար դարձել էր տեսարժան ու սիրելի վայր։ 

Մարդիկ անգամ լուսանկարվում էին արձանի հետ, այն տեղադրում սոցիալական ցանցերի իրենց էջերում և գովեստի խոսքեր ուղղում, իսկ այսօր՝ փետրվարի 4-ին, հայտնաբերեցինք, որ հերթական անգամ ստահակը կամ ստահակները ոտնձգություն են կատարել արձանի նկատմամբ։ Կոտրել են հատուկ տեղադրված արտաքին լուսավորման լեդ լույսերը, եղևնիները, արձանի պատվանդանի բազալտե եզրաքարի մի հատված, իսկ տարածքն էլ ամբողջությամբ հիշեցնում է «խոզանոցի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2023թ․  նոյեմբերի 13-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ էին իրականացրել Կոտայքի մարզում:

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորաններում տեղադրված «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանի վրա անհայտ անձը կամ անձինք կասկածելի ներկ էին լցրել:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Սամվել Ռամազյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, իսկ թե ո՞վ կամ ովքե՞ր, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում էին վանդալիզմ իրականացրել՝ պարզվում էր: 

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում աշխատանքներ էին կատարվում, որի շնորհիվ հիմնովին վերականգնվել էր  դեռ խորհրդային տարիներից սիրված «Արձագանք» պղնձաձույլ արձանը: Հեղինակը՝ Խաչատուր Հակոբյանն է:

Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արձանն ամբողջովին թալանվել էր: Իշխանության բազմաթիվ պաշտոնյաներ խոստացել էին, որ արձանը կբերվի նախկին տեսքի, սակայն այդ ամենը երկար ժամանակ մնում էր թղթի վրա, սայլը տեղից չէր շարժվում:

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր