211652_close_icon

ԱԺ հանձնաժողովը հաստատել է երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր

views-count445 դիտում article-date 14:18 16-01-2026
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Ըստ նախագծի՝ եթե ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացին կատարի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ՀՀ-ում, ապա այդ տուգանքները նրան ևս կծանուցվեն, և նա տուգանքը կկարողանա վճարել ու մարել սահմանին:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Զեկուցողը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից զեկուցող, պատգամավոր Քրիստինե Պողոսյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև «Օտարերկրացիների մասին» ու կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ներկայացված փոփոխությունների և լրացումների ընդունումը հնարավորություն կտա տեխնիկական միջոցների ներդրմամբ ամբողջությամբ թվայնացնել օտարերկրացիներին տրամադրվող բոլոր կացության կարգավիճակների՝ ժամանակավոր և մշտական տրամադրման գործընթացը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ Հայաստանում ներդրվում է նոր՝ աշխատանքային վիզայի տեսակ, որը պայմանավորված է դեպի մեր երկիր աշխատանքային միգրացիոն հոսքով: Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկները տեխնիկական բնույթի են:

Նա նշել է, որ առաջարկվել է փոխել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 1-ի փոխարեն սահմանելով նոյեմբերի 1-ը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել Կառավարության նախաձեռնությանը:

Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի քննարկված հարցերն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Օրենքների նախագծերը քննարկվել են հանձնաժողովի՝ հունվարի 16-ի հերթական նիստում:

Նմանատիպ նյութեր