211652_close_icon

Արմավիրի մարզում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների հայտնած տեղեկությունը հերքվել է. թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ շմոլ գազը

views-count1513 դիտում article-date 13:52 16-01-2026
Հունվարի 14-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով, երբ ընտանիքի 4 անդամներ «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողներին, ինչպես նաև շտապօգնության բժիշկներին ու «Արմավիր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին բուժառուներից մեծահասակները հայտնել էին, որ իրենք թունավորվել են, քանի որ սնվել են «Աթենք» մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց, ինչն արձանագրվել է ոստիկանության կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր բժշկական լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանց հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում 

Պարզվել է, որ թունավորման պատճառը եղել է շմոլ գազը, ինչը հիմնավորվել է դեպքի վայրում լրացուցիչ զննություն կատարելու արդյունքում։

Հետևաբար հերքվում է նրանց հայտնած տեղեկությունը, որ թունավորումը տեղի է ունեցել «Աթենք» մսամթերքի տեսականուց օգտվելուց։ 

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են փորձաքննություններ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ գյուղերից մեկից «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով «Արմավիր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները պարզել էին, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ  35-ամյա Սևակ  Հ․-ն, 34-ամյա Էմմա Հ․-ն, 6-ամյա Է․ Հ․-ն և 9-ամյա Է․ Հ․-ն, ովքեր այնուհետև տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները պարզել էին, որ նշված տանը բացակայում էր բնական գազը, սակայն առկա էր պրոպան տեսակի հեղուկ գազ և տունը տաքացնելու համար օգտագործում էին փայտե վառարան և նրանք նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում, գտնվելով տանը, «Աթենք» մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց հետո իրենց վատ էին զգացել, ինչի հետևանքով զանգահարել էին շտապօգնություն և թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել էին հիվանդանոց։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր