211652_close_icon

Պայթյուն՝ Երևանում․ գազի լիցքավորման կայանում զոդման աշխատանքներ կատարելու ժամանակ գազի լիցքավորման հաշվիչը պայթել է․ կան վիրավորներ

views-count4237 դիտում article-date 11:33 12-01-2026
Հունվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Հրաչյա Քոչար փողոցից «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու, ապա մեկ ժամ անց նույն հասցեից «ԳՈւՎ և պոլիտրավմա» ախտորոշմամբ ևս մեկ քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 50-ամյա Արմեն Ա․-ն և 63-ամյա Բայանդուր Ա․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում, Արմեն Ա․-ն և Բայանդուր Ա․-ն Հրաչյա Քոչար 228 հասցեում գործող գազալցակայանում զոդման աշխատանքներ կատարելու ժամանակ գազի լիցքավորման հաշվիչի պայթյունի հետևանքով են ստացել մարմնական վնասվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր